Մալկոմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանա Բարսայից, հաղորդում է կատալոնական Sport - ը:
Դեռ նախորդ ամռանը Վալվերդեն հայտարարեց, որ Մալկոմի տրանսֆերն ակումբի ղեկավարության, այլ ոչ թե իր ցանկությունն է: Հետագան միայն հաստատեց դա: Էռնեստոն շատ քիչ խաղաժամանակ տրամադրեց ֆուտբոլիստին՝ ընդամենը 10 խաղ: Եվ այդ խաղերում բրազիլիացին չտպավորեց:
Արդյունքում, ինչպես իր twitter - յան էջում գրել է լրագրող Ժերարդ Ռոմերոն, Վալվերդեն խոսել է Մալկոմի հետ և հայտնել, որ մրցաշրջանի 2 - րդ հատվածում նա էլ ավելի քիչ խաղաժամանակ է ստանալու, ուստի ավելի ճիշտ կլինի նոր ակումբ փնտրել: Եվ այդ նոր ակումբն ամենայն հավանականությամբ կլինի Տոտենհեմը:
Լոնդոնյան ակումբի հարձակման առաջատար Հարի Քեյնը վնասվածք է ստացել և բացակայելու է 4 - 6 շաբաթ, ինչի պատճառով Պոչետինոն փոխարինող է փնտրում անգլիացի գոլահարին: Sport - ի տեղեկություններով, Տոտենհեմի ընտրությունը կանգ է առել Մալկոմի վրա և ակումբներն արդեն բանակցում են:
Նույն աղբյուրի հաղորդմամբ, սպասվում է ոչ թե ամբողջական տրանսֆերի գնում այս ձմռանը, այլ ֆուտբոլիստի վարձակալում՝ առաջիկա ամռանն արդեն ամբողջական տրանսֆերը գնելու պարտավորությամբ: Տոտենհեմն առայժմ համաձայն չէ հենց այդ վերջին ձևակերպման հետ: Լոնդոնցիները ցանկանում են ունենալ տրանսֆերը գնելու հնարավորություն, այլ ոչ թե պարտավորություն:
Նշենք նաև, որ Մալկոմի ծառայություններով հետաքրքրված են Չինաստանում: Մասնավորապես, Գուանչժոու Էվերգրանդը 50 մլն եվրո է առաջարկել ֆուտբոլիստի դիմաց: Սակայն բրազիլիացին կարծես թե չի ցանկանում լքել Եվրոպան: Սպասենք հետագա զարգացումներին: