Երեկ կայացան ազգային հավաքականների մի շարք ընկերական հանդիպումներ, որոնցից անմասն չէին Բարսելոնայի ֆուտբոլիստները:
Ուրուգվայ 2 - 0 Չեխիա
Ուրուգվայի հավաքականը Չինաստանի գավաթ ընկերական փոքրիկ մրցաշարի շրջանակներում մրցեց Չեխիայի ընտրանու հետ և 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Գոլերից մեկը իր իսկ վաստակած 11 մետրանոցից խփեց Բարսելոնայի հարձակվող Լուիս Սուարեզը, ով մեկնարկային կազմում էր ու խաղաց մինչև 79 - րդ րոպեն:
Ընկերական մրցաշարի եզրափակչում Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Ուելսին:
Ռուսաստան 0 - 3 Բրազիլիա
Մունդիալ 2018 - ն ընդունող երկրի հավաքականն ընկերական խաղում մրցում էր մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Բրազիլիայի հավաքականի հետ: Աշխարհի հնգակի չեմպիոնների մեկնարկային կազմում էին Պաուլինյոն և Կոուտինյոն, ովքեր խաղացին 71 և 79 րոպե համապատասխանաբար:
Բարսայի 2 կիսապաշտպաններն էլ աչքի ընկան խփած գոլերով: Կոուտինյոն անվրեպ իրացրեց Պաուլինյոյի վաստակած 11 մետրանոցը, իսկ հետո էլ վերջինս Վիլյանի փոխանցումից հետո ձևակերպեց հանդիպման վերջնահաշիվը:
Գերմանիա 1 - 1 Իսպանիա
Աշխարհի վերջին 2 չեմպիոնների միջև ընկերական խաղին շատերն էին սպասում: Թիմերը, չնայած խաղի կարգավիճակին, մարտական կազմերով էին հանդես գալիս: Հավասար պայքարում արձանագրվեց ոչ ոքի՝ 1 - 1:
Խաղի հաշիվը բացեցին իսպանացիները: Ինիեստայի հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ Վալենսիայի հարձակվող Ռոդրիգոն՝ գրավելով կատալոնական ակումբի դարպասապահ Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը: Վերջինս մասնակցեց ողջ խաղին:
Բացի Անդրեսից, կարմիր ֆուրիայի մեկնարկային կազմում էին նաև Ալբան ու Պիկեն: Բարսայի ավագը փոխարինվեց ընդմիջումից անմիջապես հետո, իսկ Ժերարդը՝ 51 - րդ րոպեին: Ժորդին մասնակցեց ողջ խաղին:
Արգենտինա 2 - 0 Իտալիա
Ֆուտբոլի արքայի Արգենտիայի հավաքականը խաղում էր առանց թիմի ավագի ու բացարձակ առաջատարի՝ Լեո Մեսսիի: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը որոշել էր մնալ պահեստայինների նստարանին և խնայել ուժերը, քանզի կար վնասվածք ստանալու մեծ ռիսկ:
Դա չխանգարեց ալբիսելեստեին հաղթել իտալացիներին 2 - 0 հաշվով: Հատկանշական է, որ Բարսելոնայի նախկին ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն նույնպես չմասնակցեց խաղին, չնայած, որ հայտավորված էր պահեստայինների նստարանին:
Հոլանդիա 0 - 1 Անգլիա
Թոփ հանդիպումներից, թերևս, ամենահամեստը Հոլանդիայի և Անգլիայի հավաքականների միջև կայացած հանդիպումն էր, որում ամեն ինչ վճռեց անգլիացիների խփած միակ գնդակը: Բարսայի դարպասապահ Յասպեր Սիլեսենը հայտավորված էր, բայց այդպես էլ չմասնակցեց խաղին: Արժե նշել, որ կատալոնական ակումբի սկաուտները մարզադաշտում էին և հետևում էին տան տերերի 18 - ամյա պաշտպան Մաթիաս դե Լիգտի խաղին, ով հիանալի հանդիպում անցկացրեց:
Պորտուգալիա 2 - 1 Եգիպտոս
Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ Եգիպտոսի հավաքականը մինչև հանդիպման հիմնական ժամանակին ավելացրած 2 - րդ րոպեն հաղթում էր Եվրոպայի գործող չեմպիոններին, սակայն ընդամենը 3 րոպեում Ռոնալդոն դուբլ ձևակերպեց և հաղթանակ պարգևեց պորտուգալացիներին: 61 - րդ րոպեից խաղին մասնակցում էր Անդրե Գոմեշը, ով փոխարինել էր Ժոաո Մարիոյին:
Ֆրանսիա 2 - 3 Կոլումբիա
Դիմակայության բացահայտ ֆավորիտ Ֆրանսիայի հավաքականի մեկնարկային կազմում էին Լուկա Դինը և Սամուել Ումտիտին: Առաջինը փոխարինվեց հանդիպման 76 - րդ րոպեին, իսկ 2 - րդը մասնակցեց ողջ խաղին: Խաղի 66 - րդ րոպեին էլ Մբապեի փոխարեն դաշտ դուրս եկավ Ուսման Դեմբելեն: Իսկ Կոլումբիայի ընտրանու մեկնարկային կազմում էր Յերի Մինան, ով մասնակցեց ողջ խաղին:
Սակայն, հակառակ բոլոր սպասումներին, Ֆրանսիայի հավաքականը ոչ միայն չհաղթեց, այլ նաև պարտվեց, չնայած, որ հանդիպման արդեն 26 - րդ րոպեին հաշվի մեջ առջևում էր 2 գնդակի տարբերությամբ: Ընդ որում, հարավամերիկացիներն իրենց վերջին՝ 3 - րդ գոլը խփեցին 11 մետրանոցից, որը նշանակվեց Ումտիտիի խախտումից հետո:
Պերու 2 - 0 Խորվաթիա
Հարավամերիկյան գոտուց անակնկալ կերպով Մունդիալ 2018 - ի ուղեգիր նվաճած Պերուի հավաքականն ընկերական խաղում ոչ պակաս անակնկալ կերպով վստահ հաղթանակ տարավ Խորվաթիայի ընտրանու նկատմամբ: Իվան Ռակիտիչը մասնակցեց ողջ խաղին: