Բարսելոնայի տրանսֆերային գործարքների համար հիմնական պատասխանատվությունը կրող 3 անձինք Մադրիդում հանդիպել են Վիետոյի և ևս մեկ խաղացողի գործակալներին: Վերջինիս ինքնությունը հայտնի չէ:
Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը, մարզական ինստիտուցիոնալ տնօրեն Ալբերտ Սոլերն ու ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին Մադրիդում հանդիպել են 2 ֆուտբոլային գործակալների, որոնցից մեկը եղել է Խորխե Սիտերսպիլերը՝ Լուսիանո Վիետոյի գործակալը: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo - ն:
Արգենտինայի օլիմպիական հավաքականի և Ատլետիկո Մադրիդի հարձակվողը մտադիր է փոխել ակումբային գրանցումը, իսկ Բարսան վաղուց է հետաքրքրված նրա ծառայություններով: Ինչ վերաբերում է մյուս գործակալին, ում ինքնությունը պարզել չի հաջողվել, ենթադրվում է, որ նա եղել է Անդրե Գոմեշի կամ Կևին Գամեյրոյի գործակալը:
Մինչմրցաշրջանային հատվածի մեկնարկին հաշված օրեր են մնացել և Լուիս Էնրիկեն խնդրել է հնարավորինս արագ ավարտել թիմի կազմավորումը գալիք մրցաշրջանի համար: Սպասվում է, որ կատալոնական ակումբը ձեռք կբերի ձախ պաշտպանի և հարձակվողի, իսկ թիմից կհեռանան Ադրիանոն, Դուգլասը, Վերմալենն ու, հնարավոր է, Թուրանը: