Ստացվեց այնպես, որ այն տուրում, որն ըստ տրամաբանության պետք է ամենաբարդը լիներ, դարձավ ամենահաջողվածը Վալվերդեի թիմի համար: Եվ խոսքը միայն Էլ Կլասիկոյի մասին չէ:
Բարսելոնան Մեսսիի գլխավորությամբ Սանտիագո Բեռնաբեուում ծնկի բերելով Մադրիդի Ռեալին, մեծացրեց առավելությունը ոչ միայն իր հավերժ մրցակցի, այլև ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնության մյուս հավակնորդների նկատմամբ:
Ռեալ Սոսյեդադ 3 - 1 Սևիլյա
17 - րդ տուրը բավական շուտ մեկնարկեց Իսպանիայում` արդեն հինգշաբթի: Ամենայն հավանականությամբ, Պիրենեյան թերակղզում շտապում են նշել Սուրբ ծննդյան տոները: Ինչպես Ռակիտիչն էր նշել, թիմերից մեկի համար այդ տոները տխուր են լինելու: Բայց պարզվեց, որ միայն 1 թիմ է ուրախանալու: Իսկ "տխուր" թիմերի շարքն առաջինը համալրեց Սևիլյան, որն Անոետայում պարտվեց և վերջնականապես ջնջեց իր անունը չեմպիոնության հավակնորդների ցուցակից: Արդյունքում հեռացվեց գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոն, ում հնարավոր է փոխարինի ոչ ավել, ոչ պակաս Լուիս Էնրիկեն!
Էսպանյոլ 1 - 0 Ատլետիկո Մադրիդ
Տուրի առաջին կատալոնամադրիդյան դիմակայությունում տխրեցին մադրիդցիները: Ընթացիկ մրցաշրջանում Ատլետիկոյի չափազանց անկայուն ելույթների արդյունքում Բարսելոնայի մոտակա մրցակիցը զիջում է կատալոնացիներին արդեն 9 միավորով և միանշանակ Սիմեոնեի կոլեկտիվին ոչ այնքան ուրախ տոներ են սպասվում: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ նրանք դուրս են մնացել Չեմպիոնների լիգայից, կարելի է պատկերացնել, թե որքան տխուր են լինելու նրանք Սուրբ ծննդյան տոների ընթացքում:
Ռեալ Մադրիդ 0 - 3 Բարսելոնա
Ինչ խոսք, Իսպանիայում ամենատխուրն առաջիկա տոների ընթացքում լինելու են Մադրիդում: Եվ առաջին հերթին պատճառը Բարսելոնան է Մեսսիի առաջնորդությամբ: Վալվերդեի թիմն առավել քան արժանի հակահարված տվեց օգոստոսին կրած պարտությունների համար և ցույց տվեց, թե ինչպես է հնարավոր ամենօրյա հետևողական աշխատանքի ու քրտնաջան մարզումների շնորհիվ 180 աստճանով փոխել իրավիճակը: Դեռ ամռանը կատալոնացիներին շատերը վաղաժամ վերագրեցին ևս մեկ անհաջող մրցաշրջան, մինչդեռ հիմա բոլորը վաղաժամ չեմպիոնություն են վերագրում նրանց: Բայց չեմպիոնությունն իհարկե դեռ փաստ չէ, փոխարենը փաստ է, որ առաջիկա տոների բարձր տրամադրությունը կապահովեն կապտանռնագույնները:
Վալենսիա 0 - 1 Վիլյառեալ
Եվ վերջապես մրցաշրջանի առաջին հատվածի գլխավոր հայտնությունը դարձած Վալենսիան աստիճանաբար վերջին տուրերի ընթացքում սկսեց զիջել դիրքերը, իսկ 17 - րդ տուրում ընդհանրապես պարտվեց սեփական հարկի տակ: Մրցակիցը, իհարկե, թույլ չէր, բայց Վալենսիան զգալիորեն զիջեց իր դիրքերը և հիմա նույնիսկ զիջում է Ատլետիկոյին ու կորցրած միավորներով հավասար է Ռեալի հետ: Եվս մեկ նման տուր և չղջիկներին կարելի է արդեն վերջնականապես չեմպիոնական մրցավազքից դուրս համարել: Իսկ մինչ այդ Մարսելինյո Գարսիայի սաները կփորձեն ուշքի գալ տոների ընթացքում:
Messi Christmas!