Մադրիդյան COPE ռադիոյի El partido de las 12 հաղորդման տվյալներով, Լիոնել Մեսսին պայմանագրի ավարտից հետո կհեռանա Բարսելոնայից: Այս մասին գրում է Sport - ը:
Մեսսիի համար վերջին օրերը բավական ծանր էին: Արգենտինայի հավաքականի հետ հերթական եզրափակչում ցավալի պարտություն կրելուց հետո Լեոյին և նրա հորը հարկային խախտումների համար դատապարտեցին 21 ամսվա պայմանական ազատազրկման:
Մադրիդյան COPE ռադիոյի հավաստմամբ, Մեսսին, ով գտնում է, որ բավականաչափ աջակցություն չի ստանում ակումբի կողմից, վերոնշյալ իրադարձություններից հետո որոշել է չերկարաձգել գործող պայմանագիրը և հեռանալ դրա ավարտից հետո՝ 2018 թվականին:
Որքանո՞վ կարելի է հավատալ COPE - ին: Դա արդեն հարցի մյուս կողմն է: Մադրիդյան այդ ռադիոընկերությունը մեկ անգամ չէ, որ ստահոդ լուրեր տարածելով փորձել է խնդիրներ ստեղծել կատալոնական ակումբի համար: Շատ հավանական է, որ սա հերթական անհաջող փորձն է, մանավանդ, որ չի նշվում տեղեկության աղբյուրը:
Նշենք, որ Լեո Մեսսին Բարսելոնային միանալու է հուլիսի 25 - ին՝ թիմի մարզումների մեկնարկից 1 շաբաթ անց: Համաձայն որոշ տեղեկությունների, կատալոնական ակումբն արգենտինացու հետ բանակցում է նոր պայմանագրի կնքման շուրջ և մտադիր է մինչև տարվա վերջ ավարտին հասցնել գործարքը: