Վերջին օրերին Բարսելոնայի ղեկավարության անդամներից արդեն 3 - րդ անձն է որոշում կայացնում լքել ակումբը, հաղորդում է կատալոնական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով Ràdio Barcelona - ն:
Մասնավորապես, համաձայն վերոնշյալ աղբյուրի, ակումբը լքելու որոշում է կայացրել ֆուտբոլային տնօրեն Ռաուլ Սանլյեհին, ով 2002 թվականից ակումբում է և 2008 թվականից աշխատել է ֆուտբոլային տնօրենի պաշտոնում 3 տարբեր նախագահների՝ Ժոան Լապորտայի, Սանդրո Ռոսելի և Խոսեպ Մարիա Բարտոմեուի օրոք:
Անկախ նախագահներից, ինչպես նաև անկախ մարզական բաժնի ղեկավարներից (Չիկի Բեգիրիստայն, Անտոնի Սուբիսարետա, Ռոբերտ Ֆերնանդես, Պեպ Սեգուրա), Սանլյեհին միշտ ունեցել է իր տեղն ակումբում, ընդ որում՝ նույն պաշտոնում: Սա առավել քան բավարար է հասկանալու համար, թե որքան կարևոր էր նա ակումբի համար:
Հայտնի է, որ հենց նա է վարել Նեյմարի տրանսֆերի շուրջ բանակցությունները, որոնցում, ինչպես գիտեք, ի վերջո Բարսելոնան առաջ անցավ բոլոր եվրոպական գրանդներից, այդ թվում Մադրիդի Ռեալից: Բացի այդ, Սանլյեհին ակումբի լիազոր ներկայացուցիչն էր Եվրոպական ակումբների ասոցիացիայում (ECA), իսկ սեպտեմբերի 5 - ին նշանակվել էր UEFA - ի և ECA - ի համատեղ հիմնած կառույցի՝ UCC SA - ի տնօրենի պաշտոնում: Այդ կառույցը զբաղվելու է ակումբային մրցաշարերի իրավական, մարքեթինգային և ֆինանսական հարցերով:
Չնայած տեղեկությունը դեռ պաշտոնապես հաստատված չէ և ստույգ պատճառն էլ հայտնի չէ, չի բացառվում, որ Սանլյեհիի հրաժարականի պատճառն ակումբի ղեկավարության՝ Լաս Պալմասի հետ փակ դռների հետևում խաղալու որոշման հետ անհամաձայնությունն է: Հիշեցնենք, որ այդ պատճառով արդեն ակումբից հեռացել են Կարլես Վիլարուբին ու Խորդի Մոնյեսը: