Բարսելոնան հույս ունի մինչև սեպտեմբերի 1 - ը հրաժեշտ տալ 5 խաղացողների, այդ թվում Արդա Թուրանին և Անդրե Գոմեշին, հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն:
Դեմբելեին ձեռք բերելուց հետո Բարսելոնան փորձում է գնել ևս 1 - 2 խաղացողի, այդ թվում Կոուտինյոյին: Սակայն թիմին անհրաժեշտ է նաև թեթևացնել կազմը: Եվ ակումբը հույս ունի առաջիկա օրերին հրաժեշտ տալ 5 խաղացողի:
Մասնավորապես, Արդա Թուրանը կարող է տեղափոխվել Մոնակո: Անդրե Գոմշեի դեպքում նրա գործակալ Մենդեշը Բարսելոնայի ղեկավարությանը հավաստիացրել է, որ 2 - 3 ակումբներ պատրաստ են պորտուգալացու դիմաց վճարել 35 - 40 մլն եվրո:
Բացի այդ, Բարսելոնան վարձավճարով Նիցային կզիջի Մարլոնին, իսկ որպես 4 - րդ պաշտպան թիմում կպահի Վերմալենին, ով կարող է հեռանալ հենց առաջիկա ձմռանը, երբ կատալոնական ակումբ տեղափոխվի Յերի Մինան:
Եվ վերջապես, Բարսելոնան նոր ակումբ է փնտրում նաև Մունիրի ու Դուգլասի համար: Էլ Հադադիի տրանսֆերով հետաքրքրված են շատ ակումբներ, բայց կատալոնական ակումբի պահանջած 20 մլն եվրոն ոչ ոք պատրաստ չէ վճարել: Ավելին, առաջարկների մեծ մասում ակումբները ցանկություն են հայտնում 1 տարով վարձակալել հարձակվողին: Ամենաբարդ իրավիճակը Դուգլասինն է, ում ծառայություններով հետաքրքրված էր Բենֆիկան, բայց բրազիլիացին չցանկացավ ավելի ցածր աշխատավարձ ստանալ: