Էռնեստո Վալվերդեն վաղն իր առաջին պաշտոնական հանդիպումն է անցկացնելու Բարսելոնայի ղեկին: Հանգամանքների բերումով այդ հանդիպումը Մադրիդի Ռեալի դեմ է: Ներկայացնում ենք Վալվերդեի նախախաղյա ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:
"ԱՄՆ - ում կայացած ընկերական խաղն ինչ - որ տեղ օրինակ է, բայց ոչ ամբողջական: Այժմ ամեն ինչ շատ ավելի լուրջ է հանդիպման կարգավիճակի պատճառով: Կարող ենք ուշադրություն դարձնել նախորդ Էլ Կլասիկոյի որոշ հատվածների վրա, բայց ոչ ամբողջ խաղին: Պետք է 2 լավ հանդիպումներ անցկացնենք":
"Պաուլինյո՞ն: Ես տեղյակ չեմ: Վաղը նա հաստատ չի խաղալու: Նա իր թիմում է: Լավ խաղացող է, բայց մենք էլ մեր կազմում ունենք լավ խաղացողներ":
"Սերխի Ռոբերտոն շատ կարևոր է մեզ համար":
"Դեմբելեն և Կոուտինյո՞ն: Մեզ մեր խաղացողներն էլ բավական են":
"Նեյմարի բացը կարող ենք փակել՝ առաջ նայելով, ոչ թե հետ":
"Ինիգո Մարտինե՞սը: Տրանսֆերային շուկայում հայտնվող անուններն ակումբի խնդիրն են, ոչ թե անհատի":
"Չգիտեմ, թե արդյոք ակումբից դուրս շատ են քննարկում Էլ Կլասիկոն, բայց մենք ակումբի ներսում այդպես ենք անում: Լիովին կենտրոնացած ենք խաղի վրա և քննարկում ենք այն":
"Դասավորությու՞նը: Մենք այդ հարցում հարմարվում ենք մեր ձեռքի տակ եղած խաղացողներին: Դա կարող է փոփոխվել, բայց մարտավարությունը պետք է պահել":
"Մեսսին շատ լավ վիճակում է, շատ կենտրոնացած է, հիանալի մինչմրցաշրջանային հատված է անցկացրել թե՛ խաղադաշտում, թե՛ մարզումների ժամանակ, սպասում ենք լավագույն Մեսսիին":
"Ես դրական եմ գնահատում Դեուլոֆեուի համագործակցությունն Ալբայի ու Մեսսիի հետ, բայց դա մենք տեսել ենք միայն Շապեկոենսեի դեմ խաղում: Դեռ շատ վաղ է":
"Մենք գիտենք մրցակցի խաղացողների մեծ ներուժի մասին: Չեմ պատրաստվում խոսել այն մասին, թե քանի պաշտպանով Ռեալն է ինձ ձեռնտու: Ինձ հետաքրքիր են իմ խաղացողները":
"Մոդրիչը մեծագույն խաղացող է, շատ լավ է տեսնում դաշտն ու հիանալի հարվածների է տիրապետում: Բայց նրանք իրենց կազմում ունեն Իսկոյի ու Կովաչիչի նման խաղացողների, ովքեր կարող են փոխարինել Մոդրիչին":
"Ցանկանում ենք այնպիսի թիմ լինել, որը կգրավի երկրպագուներին, ովքեր կհիանան մեր խաղով և իրենց հպարտ կզգան այն բանի համար, թե ինչպես ենք ներկայանում խաղադաշտում, ովքեր կաջակցեն մեզ, որպեսզի անենք հնարավոր ամեն ինչ հաղթանակի հասնելու համար":
"Այս խնդիրը միշտ էլ կա՝ կարող եմ հայտավորել միայն 18 խաղացողների, չնայած շատերն են արժանի խաղալ":
"Մենք տեսնում ենք, թե ինչպես են տրանսֆերային շուկայում խաղացողների գները տարեցտարի աճում: Նախկինում 30 մլն եվրոն անմարդկային մեծ գումար էր, այժմ այդպես չէ: Պետք է հարմարվել այս աշխարհին":
"Ամեն ինչի նորմալ եմ վերաբերվում, պետք է իրավիճակն ընդունել այնպիսին, ինչպիսին այն կա":