Ռեալ Սոսյեդադի մարզական տնօրեն Լորենցո Գարսիան հաստատել է Բարսելոնայի հետաքրքրվածությունը Ինիգո Մարտինեսի նկատմամբ, հաղորդում է իսպանական Sport - ը:
"Ճիշտ է, որ Բարսան կապ է հաստատել մեզ հետ: Նրանք խոսել են մեզ հետ և հայտնել, որ հետաքրքրված են Մարտինեսի ծառայություններով: Բայց առայժմ չկա որևէ պաշտոնական առաջարկություն: Այսքանը կարող եմ ասել", - հայտարարել է Գարսիան:
Նա հասկացնել է տվել, որ այլընտրանք չկա՝ Բարսելոնան պետք է վճարի ֆուտբոլիստի հրաժարագինը. "Մենք մտադիր չենք որևէ ակումբի համար հեշտացնել Ինիգոյի տրանսֆերը: Նա անփոխարինելի ֆուտբոլիստ է: Սոսյեդադը չի ցանկանում վաճառել նրան":
Սպասվում է, որ Ինիգո Մարտինեսը Բարսելոնայի շարքերը կհամալրի հաջորդ շաբաթվա սկզբում՝ Ժոան Գամպերի գավաթից հետո: Ընդ որում, բանակցություններ կարող են այդպես էլ չլինել: Կատալոնական ակումբը մտադիր է վճարել 32 մլն եվրո հրաժարագինը: