Դենիս Սուարեզը դարձավ Բարսելոնայի լիիրավ ֆուտբոլիստ: Այսօր նա ստորագրեց պայմանագիրը կատալոնական ակումբի հետ:
Երեկ բուժզննում անցնելուց հետո այսօր Սուարեզը Բարսելոնայի շտաբ - բնակարանում ստորագրեց պայմանագիրը: Կատալոնական ակումբից պայմանագրի ստորագրմանը ներկա էին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, տնօրենների խորհրդի անդամ Խավիեր Բորդասը և մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը:
Դենիս Սուարեզի պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30 - ը: Նրա հրաժարագինը կազմում է 50 մլն եվրո:
Պայմանագրի ստորագրումից հետո թիմի նորեկն ասել է. "Շնորհակալ եմ նախագահին, ակումբի ղեկավարներին, Ռոբերտին այն բանի համար, որ վստահեցին ինձ: Ես միշտ էլ մտածել եմ վերադառնալու մասին: Ես իրականացնում եմ իմ երազանքը՝ խաղալ աշխարհի լավագույն ակումբում, որն էլ հենց Բարսան է: Ես ամեն ինչ կանեմ այս թիմի համար, շատ շնորհակալ եմ":
Իր հերթին Բարտոմեուն հայտարարել է. "Մենք շատ ուրախ ենք ներկայացնել Դենիսին: Եկեք բարի գալուստ մաղթենք խաղացողին, ով երբեք չի դադարել լինել Բարսելոնայի անդամ: Մենք հպարտ ենք, որ այսօր նա այստեղ է":
"Ակումբի սաներն այլ թիմերում հանդես գալու կարիքն ունեն, որպեսզի աճեն: Այնտեղ նրանք ցույց են տալիս իրենց մակարդակը և վերադառնում են որպես իսկական պրոֆեսիոնալներ: Մենք մեծ ակնկալիքներ ունենք նրանից", - նշել է ակումբի նախագահը:
"Դենիս Սուարեզը հասունացել է Սևիլյայում և Վիլյառեալում: Հույս ունենք, որ Դենիսը կարդարացնի մեր սպասելիքները և կօգնի Բարսան դարձնել էլ ավելի լավը", - եզրափակել Խոսեպ Մարիա Բարտոմեուն:
Նշենք, որ պայմանագրի ստորագրումից հետո Դենիս Սուարեզը Կամպ Նոուում լուսանկարվել է Բարսելոնայի մարզաշապիկով, ինչից հետո ներկայացել է մամլո ասուլիսի, որը կներկայացնենք ավելի ուշ: