Նեյմարի տրանսֆերային սերիալը մոտենում է իր ավարտին: Բարսելոնան հոգնել է այս իրավիճակից և վերջնական որոշում ընդունել: Այժմ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստից, հաղորդում է Sport - ը:
Ինչպես արդեն հաղորդել ենք, Նեյմարի հոր և Բարսելոնայի ղեկավարության հանդիպումը հաջող չի ընթացել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա իր որդու համար աշխատավարձի բարձրացում է պահանջում:
Ավագ Նեյմարը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՊՍԺ - ի առաջարկը և նշել, որ իրենք պատրաստ են ընդունել այն, եթե Բարսան նոր պայմանագիր չառաջարկի: Դա զայրացրել է կապտանռնագույններին և նրանք որոշել են, որ չեն բարձրացնելու ֆուտբոլիստի աշխատավարձը, ինչն արել էին ընդամենը 1 տարի առաջ:
Այդպիսով, Բարսելոնան հրաժարվում է բանակցել Նեյմարի հետ, առավելևս երբեք չի բանակցել և չի էլ պատրաստվում բանակցել ՊՍԺ - ի հետ: Ամեն ինչ պետք է որոշի բրազիլիացին: Եթե նա ընդունի ֆրանսիական ակումբի առաջարկը, ապա վերջիններս ստիպված կլինեն վճարել 222 մլն եվրո, հակառակ դեպքում Նեյմարը կշարունակի մրցելույթները Բարսելոնայում: