Նելսոն Սեմեդոն Բարսելոնայի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հետ ստորագրել է պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30 - ը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, պայմանագրի ստորագրումից հետո Բարտոմեուն պորտուգալերեն ողջունել է Սեմեդոյին: "Bem vindo" - ասել է Բարսայի նախագահն ու շարունակել. "Շնորհակալ եմ, որ ընդունեցիր այս մարտահրավերը և խաղալու ես մեր թիմում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Բենֆիկային, որն օգնեց, որպեսզի գաս հենց մեր ակումբ":
"Մենք 30 մլն եվրո ենք վճարել և ևս մի քանի միլիոն կվճարենք՝ կախված ֆուտբոլիստի մրցելույթներից", - հայտարարել է Բարտոմեուն Նոու Կամպում հավաքված լրագրողներին, ինչից հետո լուսանկարվել է Սեմեդոյի հետ և ծանոթացրել նրան Եվրոպայի ամենատարողունակ մարզադաշտին:
Իր հերթին Բարսայի նորեկն ասել է. "Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր նպաստել են այս տրանսֆերի կայացմանը: Ինձ համար պատիվ է լինել Բարսայի խաղացող: Ես քրտնաջան կփորձեմ պաշտպանել ակումբի գույները": "Ցանկացած հարցում ակումբը կարող է ինձ վրա հույս դնել", - եզրափակել է Սեմեդոն: