Նելսոն Սեմեդոն, ով բարեհաջող բուժզննում է անցել և շուտով կներկայացվի որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ, մտադիր է հրաժարվել լրացուցիչ արձակուրդից:
Բարսելոնայի բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Տեր Շտեգենի և Գոմեշի, ովքեր մասնակցել են Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, արդեն միացել են թիմին: Այդ 2 - ին լրացուցիչ հանգստյան օրեր են հատկացվել և նրանք կմիանան թիմին ԱՄՆ ուղևորությունից հետո:
Բարսելոնայի նորեկ Նելսոն Սեմեդոն նույնպես մասնակցել է վերոնշյալ մրցաշարին և նրան նույնպես պետք է լրացուցիչ հանգստյան օրեր հատկացվեն: Սակայն, ինչպես հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, 23 - ամյա պաշտպանը մտադիր է խնդրել Վալվերդեին, որ թույլ տա ավելի շուտ միանալ թիմին:
Մասնավորապես, Սեմեդոն շատ է ցանկանում Բարսայի հետ մեկնել ԱՄՆ, քանի որ կարծում է, որ այդպես ավելի արագ կհարմարվի թիմին: Եթե նա ստանա Վալվերդեի թույլտվությունը, ապա կարող է սկսել մարզումները հենց վաղվանից: