Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը մեկնել է Լիսաբոն՝ քննարկելու Սեմեդոյի տրանսֆերը տեղի Բենֆիկայից, հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով RAC1 - ը:
Երեկ երեկոյան RAC1 - ի աշխատակիցը Tu Diràs հաղորդման ժամանակ հայտնել է, որ այսօր Բարսելոնայի պատվիրակությունը մեկնելու է Լիսաբոն, որպեսզի ավարտին հասցնի Նելսոն Սեմեդոյի տրանսֆերը: Ավելի ուշ հայտնի է դարձել նաև, որ պատվիրակությունը գլխավորել է անձամբ Ռոբերտ Ֆերնանդեսը:
Երեկ պորտուգալական լրատվամիջոցները հաղորդվել էին, որ Բարսելոնան 30 մլն եվրո է առաջարկել Բենֆիկային Սեմեդոյի դիմաց: Ինչպես երևում է, լիսաբոնյան ակումբին գոհացրել է այդ առաջարկը, հետևաբար 23 - ամյա աջ պաշտպանի տեղափոխության համար Բարսան կվճարի մոտ 30 մլն եվրո կամ դրան մոտ գումար:
Ավելացնենք, որ Նելսոն Սեմեդոյի ծառայություններով հետաքրքրված էին նաև Յուվենտուսն ու Մանչեսթեր Յունայթեդը: Հատկապես վերջինիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն շատ էր ցանկանում նրան տեսնել իր թիմում, սակայն, ինչպես երևում է, Սեմեդոյի տրանսֆերը Բարսելոնա գրեթե կայացած է:
ԹԱՐՄԱՑՈՒՄ [13:20] Իսպանական Gol հեռուստաընկերության լրագրող Էկտոր Ռուիզը մանրամասներ է հայտնել: Մասնավորապես, նա իր twitter - յան էջում գրել է, որ Ռոբերտ Ֆերնանդեսի հետ է նաև Բարսելոնայի ղեկավարների խորհրդի անդամ Խավիեր Բորդասը: Ինքնաթիռն սկսել է թռիչքը Կատալոնիայի մայրաքաղաքից Երևանի ժամանակով 12:20 - ին, իսկ 14:15 - ին նախատեսված է վայրէջքը Լիսաբոնում: