Տրանսֆերային այս ամառվա գլխավոր և, ինչպես երևում է, ամենաձգձգվող գործարքերից մեկում նոր տեղաշարժ կա:
Ինչպես հաղորդում է իտալական La Gazzetta dello Sport - ը, Մարկո Վերատին շարունակում է ճնշում գործադրել ՊՍԺ - ի ղեկավարության վրա, պահանջելով իրեն բաց թողնել Բարսելոնա:
Մասնավորապես, իտալական պարբերականի աշխատակից Ալեսանդրո Գրանդեսոյին հայտնի է դարձել, որ կիսապաշտպանն անձամբ է զանգահարել ՊՍԺ - ի ղեկավարությանը (կոնկրետ անուն չի նշվում) և ասել. "Թույլ տվեք ինձ տեղափոխվել Բարսելոնա, ես չեմ վերադառնալու Փարիզ": Գրանդեսոն նշում է, որ գուցե Վերատին հենց այդպես չի ասել, բայց նրա խոսքերը հենց այդ միտքն են արտահայտել:
Հիշեցնենք, որ այս օրերին իտալացի կիսապաշտպանը հանգստանում է Իբիցայում: Նրա հետ է գործակալ Դոնատո դի Կամպլին, ով օրեր առաջ Միլանում հանդիպել էր ՊՍԺ - ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեին և հայտնել իր հաճախորդի ցանկության մասին: Դրանից հետո Վերատին նկարվել էր MD - ի շապիկով: Սակայն ֆրանսիական ակումբում դեռ շարունակում են պնդել, որ ֆուտբոլիստը չի վաճառվում: