Երեկ կայացած Բարսելոնա 5 - 0 Սելտա Վիգո հանդիպումից հետո Ռոբերտ Ֆերնանդեսը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա խոսել է Էնրիկեի որոշման և նրան փոխարինող մարզչի մասին:
"Պետք է հարգել Էնրիկեի որոշումը: Միայն կարող եմ ասել, որ այս ակումբում անցկացրած 3 տարիների ընթացքում նա հիանալի աշխատանք է կատարել: Հիանալի կլիներ, եթե նա իր աշխատանքը վերջացներ, նվաճելով մրցանակներ, որոնց համար այժմ պայքարում ենք", - ասել է Ֆերնանդեսը:
Ինչ վերաբերում է Լուչոյին փոխարինողին, Ռոբերտը նշել է, որ "դեռ ոչ ոքի հետ կապ չենք հաստատել: Երբ ժամանակը գա, կաշխատենք այդ ուղղությամբ: Դեռ ժամանակ կա: Բարսայի համար մարզիչ գտնելը հեշտ գործ չէ: Նա պետք է յուրահատուկ լինի և հստակ գիտակցի, թե ինչպես պետք է աշխատի ակումբում: Պարզ է, որ մենք չենք կարող փոխել այն խաղաոճը, որը մեզ հասցրել է բարձունքին":
Բարսելոնայի մարզական տնօրենն անդրադարձել է նաև Սելտայի դեմ խաղին. "Մենք շատ լավ խաղացինք: Հիանալի խաղի ականատես եղանք: Առջևում մենք ֆանտաստիկ էինք, բայց պաշտպանությունում էլ լավ էինք դիրքավորվում և ճիշտ փոխանցումներով էինք դուրս գալիս": Նա շեշտել է Բուսկետսի կարևորությոունը. "Բուսին հույժ կարևոր խաղացող է: Նա մեզ հավասարակշռություն ու հանգստություն է տալիս":
"ՊՍԺ - ի դեմ շատ բարդ է լինելու: Բայց մեր երկրպագուների աջակցությամբ և լավ աշխատանքով ամեն ինչ էլ հնարավոր է: Մենք պետք է լավ խաղանք, գոլ բաց չթողնենք և մարզական բախտն էլ պետք է ժպտա մեզ", - Ռոբերտ Ֆերնանդեսի խոսքերն է մեջբերում իսպանական Sport - ը: