Բարսելոնա 6 - 1 Սպորտինգ Խիխոն հանդիպման ավարտից հետո մամլո ասուլիսի ներկայացած Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ հեռանալու է ակումբից:
"Ցանկանում եմ այս հարցազրույցն ավարտել առանձնահատուկ ձևով: Ես հայտարարում եմ, որ հաջորդ մրցաշրջանում չեմ լինելու Բարսայի մարզիչը", - ասել է Լուիս Էնրիկեն:
"Ես չեմ երկարաձգելու պայմանագիրս մրցաշրջանի ավարտին: Մրցաշրջանից առաջ խոսել եմ Ալբերտ Սոլերի և Ռոբերտ Ֆերնանդեսի հետ ու հայտնել նրանց, որ, հնարավոր է, հեռանամ: Նրանք ասացին, որ չշտապեմ: Այժմ եկել է որոշում կայացնելու պահը և ես հայտարարում եմ այն", - Լուչոյի խոսքերն է մեջբերում Sport - ը:
Նա բացատրել է. "Իմ որոշման պատճառն այս մասնագիտությանն իմ վերաբերմունքն է: Ես շատ ինտենսիվ աշխատում եմ ու անընդհատ նոր լուծումներ փնտրում: Հետևաբար քիչ ժամանակ եմ ունենում հանգստանալու համար: Ես հանգստի կարիք ունեմ":
"Շնորհակալ եմ ակումբին այն վստահության համար, որ եղել է իմ հանդեպ թե՛ որպես մարզիչ, թե՛ որպես խաղացող: Սկզբում նրանք ինձ 3 տարի վստահեցին Բարսա Բ - ում, իսկ հետո էլ՝ առաջին թիմում", - նշել է Էնրիկեն:
"Շնորհակալ եմ իմ բոլոր խաղացողներին դրսևորած պրոֆեսիոնալիզմի և բացառիկ նվիրվածության համար: Շնորհակալ եմ նաև երկրպագուներին աջակցության համար", - եզրափակել է Բարսելոնայի գլխավոր մարզիչը: