Բերնարդո Սիլվան, Դեվիսոն Սանչեսն ու Հեկտոր Բելլերինը լինելու են Բարսելոնայի գլխավոր տրանսֆերային թիրախներն առաջիկա ամռանը, հաղորդում է իսպանական Mundo Deportivo - ն:
Betevé - ի La Porteria հաղորդման համաձայն, հենց վերոնշյալ ֆուտբոլիստների վրա է կենտրոնանալու կատալոնական ակումբը: Մոնակոյի պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի խաղին Բարսայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսն անձամբ է հետևել մարզադաշտից:
Այաքսի կոլումբիացի կենտրոնական պաշտպան Դեվիսոն Սանչեսը վաղուց է Բարսելոնայի ուշադրության կենտրոնում: Նա հոլանդական ակումբ է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանից առաջ և լավագույններից է ամստերդամյան ակումբի կազմում:
Դե իսկ Հեկտոր Բելլերինի Բարսելոնա վերադարձը քննարկվում է արդեն շուրջ 1 տարի: Նա համարվում էր Ալվեսին փոխարինելու ամենաիրական հավակնորդը և այժմ էլ շարունակում է համարվել կատալոնական ակումբի պաշտպանության աջ եզրն ուժեղացնելու ամենացանկալի տարբերակը: