Ալեյշ Վիդալի ծանր վնասվածքից հետո Բարսելոնայում դեռ վերջնականապես չեն որոշել, թե արդյոք թիմ են հրավիրելու այլ աջ պաշտպանի: Ամեն ինչ կախված է առաջիկա 1 շաբաթվանից, հայտնում է Sport - ը:
Ըստ Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի (RFEF) կանոնակարգի, եթե մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը առանձնակի ծանր վնասվածք է ստանում, ապա տվյալ ակումբը, անկախ տրանսֆերային պատուհանի բաց կամ փակ լինելուց, կարող է թիմ հրավիրել նոր խաղացողի, եթե նա հանդես է գալիս Իսպանիայում կամ ունի ազատ գործակալի կարգավիճակ:
Վիդալի վնասվածքից հետո Բարսելոնան հայտնվել է հենց այն իրավիճակում, երբ կանոնակարգի այդ կետը կարող է օգնել թիմին: Խնդիրը միայն այն է, որ Լա Լիգայում հանդես եկող ոչ մի ակումբ մրցաշրջանի միջնամասում չի համաձայնվի բաց թողնել իր խաղացողին, մանավանդ, որ չի կարողանա փոխարինող գտնել նրան, քանի որ չի ունենա տրանսֆեր կատարելու իրավունք:
Հետևաբար, Բարսելոնան ստիպված է փնտրել պայմանագրով սահմանված հրաժարագին ունեցող, ընդ որում՝ ցածր հրաժարագին ունեցող ֆուտբոլիստների: Եվ ակումբը կանգ է առել Դեպորտիվոյի ու Մալագայի աջ պաշտպաններ Խուանֆրանի և Ռոսալեսի տարբերակների վրա համապատասխանաբար: Առաջինի հրաժարագինը կազմում է 8 մլն եվրո, 2 - րդինը՝ 6 մլն եվրո:
Բարսելոնան նրանց կգնի այն դեպքում, եթե այս շաբաթ կայանալիք Վալենսիա - Ռեալ Մադրիդ հետաձգված խաղից ու 24 - րդ տուրի ավարտից հետո թիմն իրատեսական հնարավորություն ունենա չեմպիոնության համար պայքարելու: Իսկ 24 - րդ տուրում կատալոնացիները հյուրընկալվելու են Ատլետիկոյին, մադրիդցիներն էլ՝ Վիլյառեալին:
Ավելացնենք, որ Բարսելոնան չի նախատեսում աջ պաշտպան գնելու դեպքում երկարաժամկետ պայմանագիր կնքել նրա հետ, եթե իհարկե վերջինս ինչ - որ հրաշքի շնորհիվ չհամոզի կատալոնացիներին ամռանը նոր պայմանագիր առաջարկել: Էնրիկեի թիմի համար նոր աջ պաշտպան գնելու միակ նպատակը Ռոբերտոյին փոխարինող ունենալն է, իսկ արդեն ամռանը Բարսան մտադիր է վաճառքի հանել տվյալ խաղացողին ու ձեռք բերել բարձրակարգ աջ պաշտպան, հավանաբար՝ Կանսելոյին: