ՊՍԺ - ից կրած ծանր պարտությունից հետո Բարսելոնայի առաջին մրցակիցը լինելու է Լեգանեսը: Հանդիպումից առաջ մամլո ասուլիսի է ներկայացել Լուիս Էնրիկեն: Ստորև ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
"Այո, մրցակիցը շատ տարբերակներ ունի, և խոսքը միայն մարտավարության մասին չէ: Մրցաշրջանի ընթացքում նրանք ամեն անգամ փոփոխություններ են կատարում կազմում: Այդ փաստը դժվարացնում է մեր գործը, բայց ամեն խաղում էլ մենք նման խնդրի առջև կանգնում ենք: Այս խաղը մեզ համար յուրահատուկ է, հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունեցել երեքշաբթի: Սա լավ խաղ է, որպեսզի գնահատենք թիմի վիճակը ծանր պարտությունից հետո":
"Պատասխան հանդիպումը կայանալու է հաջորդ ամիս: Այն արդեն նշված է ինձ մոտ որպես կարևոր հանդիպում և իմ գլխում է առաջին խաղից հետո, սակայն միամտություն կլիներ մտածել միայն այդ խաղի մասին: Մենք մինչ այդ 4 խաղ ունենք անցկացնելու և պետք է հիմա կենտրոնանանք վաղվա խաղի վրա: ՊՍԺ - ի մասին խոսելու ժամանակ դեռ կլինի":
"Անկախ նրանից, թե ես ինչ եմ խոսում, միայն ես եմ պատասխանատու իմ խոսքերի համար, պարտությունից հետո արդեն հայտնել եմ ասելիքս, մնացածն ասել եմ հանդերձարանում՝ երես առ երես":
"Պատասխան խաղն ամեն գիշեր իմ գլխում է, իմ մտքում է և կլինի մինչև այդ հանդիպման կայանալը: Սակայն չենք կարող կենտրոնանալ դրա վրա, կան նաև այլ խաղեր":
"Նրանք, ովքեր ասում են, որ մրցաշրջանն ավարտված է մեզ համար, լավատե՞ս են: Ոչ: Այս աշխարհում ամեն ինչ շատ է չափազանցվում, ես չեմ պատկերացնում այն միայն սև կամ սպիտակ երանգների մեջ: Մենք 3 մրցաշարերում էլ դեռ խաղում ենք: Մեկում մենք շատ ծանր իրավիճակում ենք, բայց կգա ժամանակն ու մենք կստանանք մեր հնարավորությունը: Մյուս 2 - ում մենք շարունակում ենք պայքարը, ավելին, մեկում հասել ենք եզրափակիչ":
"Քննադատությունն ինձ ընդհանրապես չի հուզում, այլապես ես արդեն համարյա 3 տարի չէի լինի այստեղ: Մեզ առաջին քննադատողը հենց մենք ենք, մեր խաղը կարգի բերողն էլ ենք մենք: Այս կրկեսի մնացած մասն ինձ չի հետաքրքրում և, բարեբախտաբար, մեր և ձեր միջև էլ կա բավականաչափ տարածություն":
"Մեզ անհրաժեշտ է վաստակել մեր 3 միավորը, իսկ հետո նոր մտածել այն մասին, որ առաջին տեղում ընթացող թիմը, անկախ մրցակցից, միավորներ կորցնի":