Բրազիլիական Պալմեյրասի նախագահ Մաուրիսիո Գալիոտեն և մարզական տնօրեն Ալեքսանդր Մաթոսն այսօր ժամանել են Բարսելոնա, հաղորդում է իսպանական Sport - ը:
Գալիոտեն և Մաթոսը Բարսելոնա են ժամանել Կոլումբիայի ազգային հավաքականի ու Պալմեյրասի կենտրոնական պաշտպան Յերի Մինայի տրանսֆերը քննարկելու համար: Այդ տեղեկությունը հաստատել է ակումբն այն բանից հետո, երբ Sport - ը համապատասխան հարցում է կատարել:
Փոխարենն ակումբը հերքել է Mundo Deportivo - ի տարածած այն տեղեկությունը, համաձայն որի հանդիպման արդյունքում որոշվել է, որ Յերի Մինան Բարսելոնան կհամալրի 2018 թվականի հունվարին՝ Հարավային Ամերիկայում ֆուտբոլային մրցաշրջանի ավարտից անմիջապես հետո:
Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ 22 - ամյա կենտրոնական պաշտպանը, ով արդեն դարձել է նաև Կոլումբիայի հավաքականի մեկնարկային կազմի խաղացողներից մեկը, մեկ ոտքով Բարսելոնայում է: Ընդ որում, կատալոնական ակումբը նրա տրանսֆերն 9 մլն եվրոյի դիմաց ձեռք բերելու առաջնային իրավունք ունի: