ՊՍԺ 4 - 0 Բարսելոնա խաղից հետո Սերխիո Բուսկետսը պատասխանել է կատալոնական TV3 հեռուստաընկերության լրագրողի հարցերին, հաղորդում է իսպանական Sport - ը:
Պարբերականն ընդգծում է, որ Բուսկետսն անուղղակի կերպով շեշտել է այն փաստը, որ Էմերին գերազանցել է Էնրիկեին, ինչը դժվար թե դուր գա աստուրիացի մասնագետին: "Նրանք գերազանցեցին մեզ խաղի մեծ մասում: Նրանք տակտիկապես ավելի լավ էին պատրաստված, քան մենք.... Մենք այլ բան էինք սպասում, այլ խաղի էինք պատրաստվել", - ասել է Սերխիոն:
"Հարցն այստեղ մոտեցումը չէ, այլ ֆուտբոլը: Նրանք ավելի շատ էին ճնշում գործադրում և ավելի լավ էին պատրաստված տակտիկապես: Նրանք կարողացել էին մշակել խաղային պլան և այն իրագործեցին մինչև վերջ: Հնարավոր է, որ հաշիվը մի փոքր չափազանցված է....", - կարծում է կատալան կիսապաշտպանը:
"Կփորձենք հետ բերել կորցրածը Կամպ Նոուում, չնայած գիտենք, որ դա շատ բարդ է լինելու: Այսօրվա խաղից հետո դժվար է ասել երկրպագուներին, որ վստահեն և հավատան մեզ: Բայց մենք պետք է փորձենք: Չեմ կարող ստել, դա դժվար է լինելու, բայց կփորձենք", - եզրափակել է Սերխիո Բուսկետսը: