Մադրիդի Ատլետիկոյի Վիսենտե Կալդերոն մարզադաշտը 2 - րդ տարին անընդմեջ կընդունի Իսպանիայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան (RFEF) ընդունել է Մադրիդի Ատլետիկոյի առաջարկն ու որոշել Կոպա Դել Ռեյի եզրափակիչը կրկին անցկացնել Վիսենտե Կալդերոնում: Այն կկայանա մայիսի 27 - ին և կլինի վերջին հանդիպումը, որ կանցկացվի այդ մարզադաշտում, քանի որ ատլետները հաջորդ մրցաշրջանից իրենց տնային հանդիպումներն անցկացնելու են այլ մարզադաշտում:
Ալավես - Բարսելոնա հանդիպումը կլինի Իսպանիայի գավաթի 14 - րդ եզրափակիչը Վիսենտե Կալդերոնում և 2 - րդը՝ անընդմեջ: Բարսելոնան 6 - րդ անգամ Արքայական գավաթը կվիճարկի այդ մարզադաշտում: Նախորդ 5 դեպքերից 3 - ում կատալոնացիները հաղթել են: Վերջինը եղել է նախորդ տարի, երբ Ալբայի ու Նեյմարի գոլերը 2 - 0 հաշվով հաղթանակ պարգևեցին Էնրիկեի թիմին: