ՊՍԺ - ի դեմ խաղից առաջ մամլո ասուլիսի է ներկայացել նաև Լուիս Էնրիկեն: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
ՊՍԺ - ի մասին
"Քանի որ այս մրցաշարն սկսվում է մինի - լիգայով, իսկ հետո փլեյ - օֆֆ փուլն սկսվում է ամիսներ անց, ճիշտ է այն միտքը, որ կարող է լինել մարզավիճակի էական փոփոխություն: Վերջին ամիսներին ՊՍԺ - ն հանդես է եկել շատ բարձր մակարդակով, չնայած, որ բավական բարդ խմբային փուլ է անցկացրել: Մեր նպատակն է լավ հանդիպում անցկացնել ու գերազանցել մրցակցին":
Խիզախ ՊՍԺ
"Իմանալով Ունայիին, կարող եմ ասել, որ նա միշտ փորձել է զրկել մեզ գնդակից պրեսինգի շնորհիվ: Հետաքրքիր խաղ է լինելու, քանի որ մեր նպատակն էլ նույնն է՝ զրկել նրանց գնդակից և դիրքային գրոհներ կազմակերպել: Ակնկալում եմ երկրպագուների աջակցության ներքո տեսնել խիզախ ՊՍԺ":
Սիլվան ՄՍՆ - ի մասին. "Լավագույն տարբերակն աղոթելն է"
"Դեռ կտեսնենք, թե արդյոք լավագույն տարբերակն աղոթելն է: Այդ խոսքերից կարելի է հասկանալ, թե ինչ մեծ հիացմունք ու հարգանք կա Նեյմարի, Լեոյի և Սուարեզի հանդեպ, ակնհայտ է, որ նրանք առանձնահատուկ խաղացողներ են: Գիտենք այս մրցաշարի բարդությունների մասին և հասկանում ենք, որ մեր լավագույն խաղը պետք է ցուցադրենք":
Ակնկալիքներն առաջին խաղից
"Նմանատիպ դիմակայություններին միշտ նույն կերպ ենք մոտեցել, անկախ նրանից, Իսպանիայի գավաթն է թե՞ Չեմպիոնների լիգան: Պետք է մոռանալ պատասխան խաղի մասին և ունենալ մեկ մտադրություն՝ հաղթել այստեղ: Դա է մեր նպատակը":
Էմերիի մասին
"Նա իսպանական ֆուտբոլի լավագույն մարզիչներից մեկն է: Նա շատ է ուսումնասիրում մրցակիցներին: ՊՍԺ - ն սկսել է ավելի լավ վարվել գնդակի հետ, ավելի կառուցողական է և ավելի վտանգավոր: Պաշտպանությունում նրանք նույնպես առաջադիմել են: Էմերին մեծ ձեռքբերում է ՊՍԺ - ի համար, ինչը կապացուցի ժամանակի ընթացքում":
Տիագոն, հնարավոր է, բաց թողնի խաղը
"Առանձնապես ոչինչ չունեմ մեկնաբանելու: Հնարավոր է, որ նա չի մարզվել և չի կարող խաղալ: Անձամբ ես կցանկանայի, որպեսզի մրցակցի բոլոր ֆուտբոլիստները խաղային":
Աջ պաշտպանի խնդիր: Ինչու՞ Նիլին և ոչ Պալենսիան
"Որովհետև մարզիչը ես եմ և ես եմ որոշում կայացնում: Նիլին Բարսելոնա Բ - ի այն սակավաթիվ խաղացողներից է, ով առաջին դիվիզիոնում խաղալու փորձ ունի Լաս Պալմասում հանդես գալու տարիներից: Ես եմ այդպես որոշել":
Պիկեի մասին
"Պիկեն իսկական մրցակցող մեքենա է, նա երբեք չի ցանկանում հանգստանալ, բայց նա որոշ խնդիրներ ուներ ստացած հարվածից և ծանրաբեռնված գրաֆիկից հետո, նա առանցքային խաղացող է մեզ համար, հատկապես պաշտպանությունից խաղը կառուցելու հարցում: Նման խաղացանկի պայմաններում մի փոքր վտանգ կար, որ նա վնասվածք կստանա: Վաղը նա պատրաստ կլինի և կլինի մեկնարկային կազմում":
Կավանիի մասին
"Կավանին արդեն ցույց է տվել իր բարձր կարգն այնպիսի թիմերում, ինչպիսին Նապոլին է: Նա ի զորու է անմարդկային ցուցանիշներ գրանցել, որոնք շատ քիչ խաղացողներ են ի վիճակի կրկնել: Կարծում եմ, նա այժմ ավելի գոհ է, քան այն ժամանակ, երբ խաղում էր այլ դիրքում":
ՊՍԺ - ի վտանգը
"Ինձ 2 բան է մտահոգում՝ նրանց խաղը կարճ փոխանցումներով և նրանց երկար փոխանցումերը, երբ ողջ թիմով դուրս են գալիս պաշտպանությունից: Եթե ցանկանում ենք խլել գնդակը, պետք է լավ ճնշում գործադրենք: Այս տարի ամեն ինչ այլ է, նրանք ավելի կառուցողական ֆուտբոլ են խաղում, այնպես որ, եթե կարողանան հաղթահարել մեր ճնշումը, մեզ շատ մեծ վնաս կարող են հասցնել":
Մրցավարի մասին
"Ես ասելու ոչինչ չունեմ: Սովորաբար չեմ խոսում մրցավարների մասին ո՛չ խաղից առաջ, ո՛չ խաղից հետո, քանի որ չեմ կարող այդտեղ որևէ բան կառավարել":
ՊՍԺ - ի դասավորության մասին
"Կարծում եմ, որ կտեսնենք նույն ՊՍԺ - ն, ինչ վերջին ամիսներին: 4 - 3 - 3 դասավորությունը հարձակվելիս և 4 - 1 - 4 - 1՝ պաշտպանվելիս: Մենք դա ենք ակնկալում: Իհարկե, շատ բաներ կարող են փոխվել: Բայց ես կարծում եմ, որ 2 թիմերի համար էլ ավելի խելամիտ կլինի խաղալ ավանդական դասավորությամբ: Ինչ - որ բան փոխելը կնշանակի նոր հանձնարարականներ տալ խաղացողներին, ովքեր դրանք լավ իրագործելու համար պետք է նախապես արդեն փորձարկած լինեն այլ խաղերում":
Խաղացողների ֆիզիկական վիճակը
"Կարծում եմ, որ լավ վիճակում ենք մոտենում խաղին: Վաղը դա ցույց տալու լավ առիթ է: Մինչ այս պահը մենք արտակարգ ենք եղել այս մրցաշարում, խմբում լինելով առաջինն ու հիմա էլ կփորձենք դուրս գալ 1/4 եզրափակիչ և արժանի լինել այդ ուղեգրին, ինչը շատ կարևոր է: Մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա և մենք շատ ենք ռոտացիայի դիմել: Սպասում եմ, որ թիմը կգործի համապատասխան կերպով":