Վաղը կայանալիք ՊՍԺ - Բարսելոնա խաղից առաջ Լուիս Էնրիկեի հետ մամլո ասուլիսի է ներկայացել նաև Անդրե Գոմեշը: Ներկայացնում հատվածներ նրա ասուլիսից:
Չեմպիոնների լիգան վերադառնում է
"Սա լավագույն ակումբային մրցաշարն է և ամենակարևորն այն է, որ այժմ այն թևակոխում է փլեյ - օֆֆ փուլ, որտեղ բարդ հանդիպումներ են ուժեղ թիմերի մասնակցությամբ: Վաղը ծանր հանդիպում է լինելու, բայց հենց նման խաղերն են մեզ դուր գալիս":
Հարմարվում է թիմին
"Ես գտնվում եմ մեծագույն ակումբում և, ինչպես բոլորը, աստիճանաբար սկսում եմ ինձ լավ զգալ: Ես երիտասարդ եմ, հարկավոր է շարունակել աճել, բայց մարզիչների ու խաղընկերներիս օգնությամբ դա ավելի հեշտ է: Տվյալ պահին ես ինձ շատ լավ եմ զգում":
Վալենսիա - Ռեալ Մադրիդ հետաձգված խաղը
"Դա այս պահին կարևոր չէ մեզ համար: Մենք ցանկանում ենք հաղթել Լա Լիգան և կարևոր չէ, թե ում հետ Ռեալ Մադրիդը միավորներ կկորցնի: Եթե իմ նախկին խաղընկերներն օգնեն մեզ, ավելի լավ":
Առաջ է ընթանում խաղից խաղ
"Ես հասկանում եմ բոլոր կարծիքները և իրականությունն այն է, որ փորձում եմ օրեցօր կատարելագործվել ու պատրաստ լինել բոլոր հանդիպումներին, որպեսզի վարձահատույց լինեմ ինձ ընձեռնված վստահության համար: Փորձում եմ շատ մեծ սպասելիքներ չունենալ և առաջ շարժվել խաղից խաղ: Հույս ունեմ մրցաշրջանի վերջում տեսնել, որ իմ ներդրումն եմ ունեցել թիմում":
Բարսան ֆավորիտ է
"Նման դիմակայություններում անհնար է խոսել ֆավորիտների մասին: Այս փուլ հասել են ուժեղագույն 16 թիմերը և մենք բարդ խաղեր ենք ակնկալում: Խաղալու ենք դրսում և մրցակիցը կփորձի բարդացնել մեր կյանքը, ցանկանում ենք հաղթել ու տանը խաղալ ավելի հանգիստ: Վաղը կփորձենք հուսալի գործել, իմանալով մրցակցի որակները: Հոգնածություն կա, բայց դա նորմալ է":
Թիմի խաղը
"Մենք գիտենք, թե ինչպես պետք է խաղանք, մեզ համար ամենակարևորը մրցունակ լինելն է: Մեզ համար հաղթանակները շատ կարևոր են, բայց նաև պետք է վայելել խաղն ու լինել մրցունակ: Այս մրցաշրջանում արդեն 1 եզրափակիչ ունենք, եկեք հուսանք, որ այս մրցաշարում էլ կհասնենք եզրափակիչ":
Խաղային դիրքը
"Ես սկսել եմ խաղալ հենակետայինի դիրքում, չնայած սովոր եմ լինել խաղարկող: Ոչ մի խնդիր չկա այս կամ այն դիրքում խաղալում: Այստեղ հեշտ է հարմարվել ցանկացած դիրքի: Ես շատ շնորհակալ եմ, որ խաղալու հնարավորություն եմ ստանում":
Ինիեստան և Բուսկետսը
"Նրանք իրենց տեղն ունեն ինչպես Բարսայում, այնպես էլ համաշխարհային ֆուտբոլում: Նրանք շատ մեծ նվաճումների են հասել, ես ամեն օր վայելում եմ նրանց խաղն ու սովորում նրանցից: Երբ նրանք լավ վիճակում են, ավելի են ուժեղացնում թիմը, բայց մենք ունենք նաև այլ կարևոր խաղացողներ: Ամենակարևորն այն է, որ նրանք զերծ մնան այնպիսի ծանր վնասվածքներից, ինչպիսին Ալեյշինն է, որպեսզի միշտ պատրաստ լինեն խաղին":
Ինիեստա թե՞ Ռակիտիչ, ու՞մ է ավելի մոտ
"Նախընտրում եմ ունենալ սեփական խաղաոճս: Կարծում եմ, որ 2 - ին էլ նման որոշ բաներ ունեմ, քանի որ չկա Ռակիտիչի նման մեկ այլ ֆուտբոլիստ, չկա նաև Անդրեսի խաղաոճն ու վարպետությունն ունեցող այլ խաղացող: Նրանք մեծագույն խաղացողներ են և դեռ շատ պետք է աճեմ նրանց մակարդակին հասնելու համար: Նրանք ինձ համար օրինակելի են թիմի ներսում: Կարևորն այն է, որ նրանք օգնում են ինձ աճել":
ՊՍԺ - ի մասին
"Նրանք ունեն մեծագույն խաղացողներ հիանալի որակներով: Արդեն չկա Զլատանը, բայց կա Կավանին, ով շատ գոլեր է խփում: Նրանք ունեն շատ ուժեղ կիսապաշտպանություն: Խաղում ենք նրանց հարկի տակ և պարտավոր ենք հարգել նրանց: Բարդ խաղ է լինելու, բայց մենք պատրաստ ենք":