Վաղը Բարսելոնան կարող է 2017 թվականի իր առաջին եզրափակիչ հանդիպման ուղեգիրը նվաճել: Թիմը հյուրընկալվելիս հաղթել է Ատլետիկոյին, սակայն Էնրիկեն իր ասուլիսի ընթացքում զգուշացել է մրցակցից: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
Երկրպագուները
"Ես հույս ունեմ վաղը մարզադաշտը տեսնել հնարավորինս լեցուն: Այդ խաղում Ատլետիկոն ստիպված է լինելու ռիսկի դիմել և խնդիրներ է ունենալու, սակայն ես վստահ եմ, որ մենք ունենալու ենք մեր երկրպագուների աջակցության կարիքը: Այս դիմակայությունում դեռ ոչինչ որոշված չէ: 4 - րդ անընդմեջ եզրափակիչը Կոպա Դել Ռեյում բավականաչափ գրավիչ է, որպեսզի երկրպագուներն անտեսեն ցանկացած խնդիր, որը նրանց խանգարում է ներկա գտնվել հանդիպմանը: Հուսով ենք, որ վաղը բոլորիս համար յուրահատուկ օր է լինելու":
Նորեկները
"Ես չեմ կարծում, թե վերջին շաբաթների ընթացքում նորեկներն իրենց ավելի լավ են դրսևորում: Միշտ էլ զգացել եմ, որ նրանք բոլորը մեզ օգնում են: Պետք է սպասել մրցաշրջանի ավարտին, որպեսզի տեսնենք, թե ինչ օգուտ են տվել թիմին նորեկները: Նրանք բավական երկար էին հարմարվում այստեղ, ընդհանուր առմամբ գոհ եմ նրանց խաղից":
Նեյմարը որակազրկված է
"Կարո՞ղ եմ որևէ բան անել դա փոխելու համար: Եթե չեմ կարող, ինչու՞ զուր ժամանակ ծախսեմ այդ հարցի վրա":
Այլ Ատլետիկո
"Մենք վաղը խաղադաշտ ենք դուրս գալու, որպեսզի մրցակցից ավելի շատ գոլ խփենք, չնայած մեր փոխարեն մեկ այլ թիմ գուցե այլ կերպ մտածեր: Սովորաբար Կամպ Նոուում մենք Ատլետիկոյին տեսնում ենք սեփական տուգանայինի մատույցներում, բայց վաղը տեսնելու ենք այլ Ատլետիկո՝ ավելի ռիսկային ու պրեսինգի դիմող":
Ոչինչ որոշված չէ
"Ես չեմ կարծում, թե մեր խաղացողներից որևէ մեկը մտածում է, որ ամեն ինչ որոշված է: Մենք փորձելու ենք ապահով գործել, ծիծաղելի կլիներ մտածել, թե հեշտ ու հանգիստ խաղ է լինելու: Մրցակիցն ունի համապատասխան խաղամակարդակ, որպեսզի ստիպի մեզ հակառակը մտածել":
Ռեալի խաղը հետաձգվել է
"Այն իրավիճակում, որում մենք ենք գտնվում, անխակ այն հանգամանքից, թե ով է առաջին հորիզոնականում, մեզ միայն հետաքրքրում է 3 միավոր վաստակելը: Մնացած մրցակիցների մասին, որոնց հետ չենք խաղալու, սովորաբար չեմ խոսում":
Ինիեստան և Բուսկետսը
"Նրանք իրենց ավելի լավ են զգում և դա լավ լուր է մեզ համար: Հնարավոր է, որ նրանք ընդգրկվեն հայտացուցակում, հնարավոր է՝ ոչ":
Պիկեն
"Պիկեն իրեն ավելի լավ է զգում: Ատլետիկի դեմ խաղում ժամանակին նրան փոխարինելու որոշումը կարծես դրական ազդեցություն է ունեցել: Վաղը կտեսնենք, թե արդյոք նա ի վիճակի է խաղալ":
3 - րդ անընդմեջ գավաթային եզրափակիչը Բարսայի ղեկին
"Մեզ համար այս մրցաշարը շատ գրավիչ է: Մենք Կոպա Դել Ռեյում ամենաշատ հաղթած ակումբն ենք և հիանալի կլիներ հաղթել Ատլետիկոյին ու եզրափակչի ուղեգիր նվաճել: Իհարկե, հետո դա արդեն ոչ մի արժեք չի ունենա, եթե պարտվենք եզրափակչում, բայց մեզ ոգևորում է այն փաստը, որ կարող ենք հայտնվել եզրափակչում, հաղթելով Ատլետիկոյի նման ծանր մրցակցին":
Կոպա Դել Ռեյի կարևորությունը
"Այն նույնքան կարևոր է, որքան մյուս մրցաշարերը: Տարվա սկզբից մենք հստակ նշել ենք մեր նպատակները՝ հաղթել բոլոր 3 մրցաշարերում":
Կազմի ընտրությունը
"Մենք ունենք շատ տարբերակներ և բոլորն էլ բարձրակարգ են: Կստիպենք մրցակցի մարզչին մտածել հնարավոր բոլոր տարբերակների շուրջ":
Ալեյշ Վիդալը
"Սա է ֆուտբոլը: Վիդալն ուներ հնարավորություններ, որպեսզի առաջ քայլ կատարի: Երբեք չեմ դժգոհել նրա մարզումներից: Ի վերջո նա խաղաժամանակ ստացավ, որից բարձրակարգ խաղացողներն օգտվում են: Սկզբում Ալեյշն ստիպված էր որոշ բաներ շտկել, իսկ հիմա նա ամենաբարձր մակարդակի վրա է: Հիանալի է թիմում ունենալ ևս մեկ բարձրակարգ խաղացող":
Նեյմարը
"Նեյմարի խաղն ամենաբարձր մակարդակի վրա է: Նա ունի բավականաչափ անհատականություն ու որակներ, որպեսզի կրկին գոլեր խփի, բայց առանց դրա էլ նրա խաղը տպավորում է: Ոչ միայն նրա համար, որ նա բազմաթիվ գոլային փոխանցումներ է կատարում, այլև պաշտպանվելիս նրա գործողությունների համար: Երբ նա եկավ այստեղ, արդեն հիանալի խաղացող էր, բայց օրեցօր ավելի է կատարելագործվում":
Ատլետիկոյի տխուր վիճակագրությունը Նոու Կամպում
"Այդ տվյալները ոչ մի նշանակություն չունեն: Անոետայի անհաջողությունների շարքը մենք ընդհատեցինք: Ֆուտբոլում պետք է կենտրոնանալ կոնկրետ խաղի վրա: Շատ հետաքրքիր խաղ է լինելու, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ատլետիկոն ստիպված է առնվազն 2 գոլ խփել":
Սելտա - Ռեալ խաղի շուրջ ստեղծված իրավիճակը
"Ուրախ կլինեի պատասխանել այդ հարցին որպես երկրպագու, բայց ես այստեղ Բարսայի մարզիչն եմ":