Չինական ակումբները շարունակում են պայթեցնել տրանսֆերային շուկան: Հերթական տրանսֆերային թիրախն է Արդա Թուրանը, հաղորդում է Mundo Deportivo - ն:
Օսկարին Շանհայ ՍԻՊԳ - ը ձեռք բերեց 61 մլն եվրոյի դիմաց, իսկ Շանհայ Շենհուան 12 մլն եվրո կվճարի Բոկա Խունիորսին Կարլոս Տևեսի դիմաց, դարձնելով արգենտինացուն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը (տարեկան 40 մլն եվրո):
Սակայն սա դեռ միայն սկիզբն է: Չինական 2 ակումբներ՝ Բեյցզին Գոանը և Գուանչժոու Էվերգրանդը, պատրաստ են 40 մլն եվրո վճարել Բարսելոնային Թուրանի տրանսֆերի դիմաց, ինչպես նաև ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ, ինչը մի քանի անգամ գերազանցում է կատալոնական ակումբում նրա ստացած աշխատավարձին:
Սակայն Թուրանը, ով ամռանն էլ առաջարկ ուներ Չինաստանից, չի ցանկանում հեռանալ Բարսելոնայից ու հույս ունի կատալոնական ակումբի հետ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Ինչ վերաբերում է ակումբին, որոշ անդամներ դեմ չեն թուրք ֆուտբոլիստի վաճառքին, հաշվի առնելով առաջարկվող մեծ գումարը, սակայն Լուիս Էնրիկեն շատ է վստահում Արդային ու բարձր է գնահատում նրա նվիրվածությունը, հետևաբար նրա վաճառքը առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում գրեթե բացառված է: