Վաղը Նոու Կամպում կայանալիք Էլ Կլասիկոյից առաջ մամլո ասուլիսի է ներկայացել Լուիս Էնրիկեն: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
"Մենք կտեսնենք նույն Մադրիդի Ռեալը, որը կա Զիդանի գալուց ի վեր: Նրանք շատ կազմակերպված են պաշտպանությունում և կարողանում են մրցակցել նաև առանց գնդակին տիրելու: Նրանք իրենց հաջողությունն ապահովում են արագ ու սուր հակագրոհներով":
"Հիանալի է, երբ նման մեծագույն խաղերից առաջ ֆուտբոլիստ է շարք վերադառնում: Էլ ավելի հաճելի է, երբ խոսքը գնում է մեր ավագի մասին: Մենք կգնահատենք մեր խաղացողների վիճակն ու համապատասխան որոշում կկայացնենք":
"Անկախ նրանից, թե ինչ արդյունք կարձանագրվի, չեմ կարծում, թե որևէ մեկը կհամարձակվի հայտարարել, որ այն որոշիչ է: Իհարկե, եթե հաղթի Մադրիդի Ռեալը, ապա առաջ կանցնի 9 միավորով, բայց դա որոշիչ չի լինի":
"Կարևոր է հաղթել Էլ Կլասիկոյում, քանի որ դա կնշանակի հաղթել անմիջական մրցակցին: Մտածել, թե հաղթանակի դեպքում քննադատությունները կդադարեն, միամտություն է: Ես նույնիսկ անհրաժեշտ եմ համարում քննադատությունը":
"Ինիեստան Բարսայի խաղաոճի խորհրդանիշներից է, բայց նա թիմի մի մասն է: Կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են իրենց ուրույն ոճը հաղորդել թիմին և Անդրեսը նրանցից մեկն է":
"Ռեալ Մադրիդն առանց խնդրի կարող է գնդակը մեզ զիջել, նրանք փորձելու են օգտագործել իրենց զենքը՝ կարճատև գրոհներ, արագ հակագրոհներ":
"Պիկեն և Ալբան վերջին խաղն ավարտեցին որոշակի խնդիրներով: Բայց նրանք պատրաստ են Էլ Կլասիկոյին":
"Ես արդեն որոշել եմ մեկնարկային կազմը":
"Սա հիանալի հնարավորություն է Մադրիդի Ռեալից ունեցած միավորների տարբերությունը կրճատելու և մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու համար: Ուրիշ ոչինչ":