Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Բարսելոնայի 4 խաղացողներ ընդգրկվել են Ոսկե գնդակին արժանանալու 30 հավակնորդների թվում:
Աշխարհի ուժեղագույն հարձակվողական եռյակը՝ Մեսսին, Սուարեզն ու Նեյմարը, ինչպես նաև Բարսելոնայի ավագ Անդրես Ինիեստան հավակնում են արժանանալ France Football - ի կողմից տարվա լավագույն ֆուտբոլիստին շնորհվող Ոսկե գնդակ մրցանակին:
Հատկանշական է, որ այս տարվանից սկսած France Football - ը, ինչպես մինչև 2009 թվականը, կրկին այդ մրցանակը կշնորհի FIFA - ից առանձին: Դրա հետ կապված որոշ փոփոխություններ են եղել: Մասնավորապես, նախկին 23 հավակնորդների փոխարեն այժմ կա 30 հավակնորդ, հաղթողը որոշվելու է միայն մարզական լրագրողների քվեարկությամբ, ի տարբերություն նախորդ տարիների, երբ քվեարկությանը մասնակցում էին նաև հավաքականների ավագներն ու մարզիչները, իսկ հաղթողին մրցանակը հանձնվելու է ոչ թե գալիք տարվա սկզբում, այլ ընթացիկ տարվա վերջում, տվյալ դեպքում՝ դեկտեմբերի 13 - ին:
Բացի Բարսելոնայի վերոնշյալ 4 խաղացողներից, Ոսկե գնդակին են հավակնում նաև Ագուերոն, Օբամեյանգը, Բեյլը, Բուֆոնը, Ռոնալդոն, Դե Բրույնեն, Դիբալան, Գոդինը, Գրիզմանը, Հիգուայինը, Իբրահիմովիչը, Կոկեն, Կրոսը, Լևանդովսկին, Լյորիսը, Մահրեզը, Մոդրիչը, Մյուլլերը, Նոյերը, Պայեն, Պեպեն, Պոգբան, Ռուի Պատրիսիոն, Ռամոսը, Վարդին և Վիդալը: Նշենք, որ France Football - ն իր կայքում քվեարկություն է անցկացնում՝ պարզելու, թե ո՞վ է լավագույնն ըստ երկրպագուների: Քվեարկել կարող եք այստեղ: