Խիխոնի Սպորտինգի դեմ խաղից առաջ Լուիս Էնրիկեն հավաստիացրել է, որ իր սաներն ի զորու են առանց Մեսսիի արդյունք ապահովել: Ներկայացնում ենք ասուլիսի առավել հետաքրքիր հատվածները:
"Բնական և տրամաբանական է, որ հոգնեցուցիչ մրրցաշրջանից հետո նրանք ուժեղացրել են իրենց կազմը: Եղել են շատ համալրումներ, բայց ֆուտբոլային գաղափարախոսությունը նույնն է: Ինչ վերաբերում է խաղին, այն շատ ինտենսիվ է լինելու, պետք է համախմբված գործենք: Մանավանդ Մոլինոն մարզադաշտում, նրանց երկրպագուների աջակցությունը հաշվի առնելով, շատ դժվար խաղ է լինելու":
(Բաուսայի խոսքերի մասին) "Իրականում բոլորս փնտրում ենք լավագույն տարբերակը Մեսսիի համար: Ոչ միայն նրա, այլ ողջ թիմի: Ցանկացած խաղացողի վնասվածքը բացասական լուր է: Եթե խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին, դա վատագույն լուրն է ոչ միայն Բարսայի երկրպագուների, այլև բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ֆուտբոլը":
(Բուսկետսին փոխարինողների մասին) "Մասկերանոն, Սերխի Ռոբերտոն, Ռակիտիչը, Անդրե Գոմեշը.... մենք ունենք տարբերակներ":
"Նախորդ մրցաշրջանում թիմն իրեն հոյակապ դրսևորեց Մեսսիի բացակայության ընթացքում: Առանց Մեսսիի խաղալը միշտ էլ ավելի բարդ է, բայց մենք արդեն ցույց ենք տվել, որ ունենք բավարար միջոցներ, որպեսզի կախում չունենանք նրանից: Որպեսզի կարողանանք տիտղոսներ նվաճել, պետք է կարողանանք հաղթահարել առանցքային խաղացողների բացակայությունը":
"Ակնկալում եմ, որ խաղացողներն իրենց լավագույնս կդրսևորեն: Նույնն ակնկալում եմ, երբ Լեո Մեսսին խաղադաշտում է լինում: Նրանցից ավելին չեմ պահանջելու, քանի որ վստահ եմ, որ ամեն խաղում նրանք ներդնում են իրենց առավելագույն ուժերը: Իհարկե, առանց Մեսսիի թիմը շատ դժվարությունների միջով պետք է անցնի, բայց մենք պետք է հարմարվենք այս իրավիճակին":
"Ալկասերը կարիք չունի որևէ բան ապացուցելու, նա առավել քան բավարար չափով ցույց է տվել իր տաղանդը: Ամեն ինչ կկարգավորվի, հենց նա բավականաչափ խաղաժամանակ ստանա: Նրա ուժերին ոչ ոք չի կասկածում: Մեսսիին փոխարինելու շատ տարբերակներ կան և մենք պետք է գնահատենք բոլորը":
"Վիդալի շուրջ ստեղծված իրավիճակն ինձ համար նորմալ է: Մարդիկ կարող են մտածել, ինչ ցանկանում են: Դա նրա անձնական կյանքն է, նա ինքն է որոշում, թե ինչ հրապարակի instagram - ում կամ այլ սոցիալական ցանցերում: Կարծում եմ, որ իմ որոշումները պատասխանում են բոլոր հարցերին: Ես ոչ մի բողոք չունեմ Ալեյշ Վիդալից: Նա քրտնաջան մարզվում է ու փորձում փոխել իրավիճակը: Արդեն մի քանի խաղացողների հետ ինձ մոտ պատահել են դեպքեր, որ նրանք չեն մտել իմ ծրագրերի մեջ, բայց հետո դարձել են թիմի անբաժանելի մասնիկը: Եթե կա մարզիչ, ում մոտ կարելի է փոխել իրավիճակը, ապա դա հենց ես եմ":
(Վիդալի հնարավոր տրանսֆերի մասին) "Ես հնարավոր եմ համարում բոլոր տարբերակները, բայց չեմ պատրաստվում դրանք հրապարակայնորեն քննարկել":
(Ֆելիպե Լուիսի հրապարակած նկարի մասին) "Իմ կարծիքն այդ հարցի վերաբերյալ այն է, որ ես ոչինչ չեմ կարծում այդ հարցի վերաբերյալ":