Պակո Ալկասերի տրանսֆերը գրեթե կասկած չի հարուցում: Այդ են փաստում այսօր հայտնված 2 լուրերը, որոնք վերաբերում են Մունիրին ու Ալկասերին:
Մասնավորապես, այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ Մունիրը, չնայած նախնական պայմանավորվածության էր եկել Սելտայի հետ, որոշել է ի վերջո տեղափոխվել Վալենսիա: Նա չղջիկների կազմում կխաղա վարձավճարով:
Եվ ահա րոպեներ առաջ Պակո Այեստարանը հրապարակեց Վալենսիայի մեկնարկային ու պահեստային կազմերը Էյբարի դեմ խաղում: Բասկոնյա էին մեկնել 19 խաղացողներ, այդ թվում Ալկասերը, սակայն հենց նա էլ դուրս է մնացել հայտացուցակից:
Բնական է, որ չղջիկների առաջատարն ու ավագը հենց այնպես չէր հայտնվի նույնիսկ պահեստայինների նստարանին, մինչդեռ նրան այսօրվա խաղում երկրպագուները չեն կարողանա գտնել նույնիսկ այդ "նստարանների" վրա:
Այս ամենը կարող է միայն 1 բացատրություն ունենալ: Հայտնի է, որ Վալենսիան Մունիրի տրանսֆերը պարտադիր պայման էր համարում և խաղացողի ու Բարսայի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու նպատակով Այեստարանը Պակոյին ընդգրկել էր Էյբարի դեմ խաղի հայտացուցակում: Սակայն երբ բավարարվեց չղջիկների պահանջը, Ալկասերին այլև հայտացուցակում թողնելը կլիներ ռիսկային քայլ. նա կարող էր վնասվածք ստանալ և գործարքն այդ դեպքում կտապալվեր: Այնպես որ, սպասենք Ալկասերին Բարսայում!