Պակո Ալկասերի տրանսֆերը գրեթե կայացած է, ինչը նշանակում է, որ Մունիրը պետք է փոխի ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo - ն, որպես աղբյուր նշելով COPE - ն, Բարսելոնան և Սելտան համաձայնության են եկել Մունիրի տրանսֆերի շուրջ: Էլ Հադադին վարձավճարով հանդես կգա Էնրիկեի նախկին թիմում:
Լուիս Էնրիկեն չի ցանկանում, որպեսզի Մունիրը մնա Բարսելոնայում, քանի որ գտնում է, որ 20 - ամյա հարձակվողին աճելու համար շատ խաղաժամանակ է պետք, որը չի կարող ստանալ կատալոնական թիմում: Ինչպես ցույց է տալիս Ռաֆինյայի փորձը, Սելտան հիանալի ակումբ է անհրաժեշտ մակարդակի բարձրանալու ու հարազատ ակումբ վերադառնալու համար:
Մունիրի ծառայություններով հետաքրքրված էին նաև Խիխոնի Սպորտինգն ու Վալենսիան, սակայն նա ընտրել է Սելտան: Գործարքը չի կայանա միայն այն դեպքում, եթե Բարսելոնային չհաջողվի ձեռք բերել Ալկասերին, ինչն արդեն անհավանական է թվում: