Բարսելոնան մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում երկարաձգել Տեր Շտեգենի պայմանագիրը, որն ավարտվում է 2019 թվականի ամռանը:
Բարսելոնան մեծ հույսեր է կապում Տեր Շտեգենի հետ: Դրա ապացույցը եղավ այն, որ ակումբը նախընտրեց հրաժարվել Բրավոյից, որպեսզի թիմում պահի գերմանացի դարպասապահին: Իսկ այժմ էլ կատալոնացիների ղեկավարությունը նպատակ ունի նոր պայմանագիր առաջարկել Տեր Շտեգենին:
Ինչպես հաղորդում է Sport - ը, Բարսելոնան ոչ միայն մտադիր է երկարաձգել պայմանագրի ժամկետը մինչև 2021 թվականի ամառը, այլև զգալիորեն բարձրացնել Տեր Շտեգենի աշխատավարձը: Այս պահին գերմանացին թիմի ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստների թվում է:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանից սկսած Մարկ - Անդրե Տեր Շտեգենը լինելու է Բարսելոնայի հիմնական դարպասապահը, իսկ Բրավոյի փոխարեն թիմը համալրելու է Յասպեր Սիլեսենը: