Սևիլյայի դեմ խաղից առաջ մամլո ասուլիսի ներկայացած Լուիս Էնրիկեն ստիպված էր պատասխանել տարբեր տեսակի հարցերի, որոնց մեջ փոքրամասնություն էին կազմում, թերևս, խաղին վերաբերող հարցերը: Ներկայացնում ենք առավել հետաքրքիր հատվածները:
Խաղի մասին. "Մենք ծրագրում ենք հաղթել Սևիլյային, ցուցադրելով մեզ բնորոշ խաղ: Ինչ վերաբերում է մոտիվացիային, բոլոր խաղացողներն էլ գիտակցում են, որ հնարավորություն ունեն ևս 1 մրցանակ նվաճել: Խաղը կարող է շատ բարդ ընթացք ունենալ, չնայած, որ մրցակցի համար դժվար է լինելու հետ բերել կորցրածը":
Հնարավորություն Մասիպին. "Այնքան ենթադրություններ կան մամուլում.... Իսկ եթե՞ այստեղ ամեն օր անձրև տեղար: Այն այլևս չէր կոչվի Կատալոնիա, արդեն այլ մարզ կլիներ: Ես չեմ ցանկանում և պարտավոր չեմ մեկնաբանել":
Բրավոն հեռանու՞մ է. "Ինձ հետաքրքրում է Սուպերգավաթը":
Խաղի ուշ ժամը. "Ուշ ժամը Չեմպիոնների լիգայի ընտրական փուլի հանդիպումների պատճառով է: Դժվար է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն: Հուսով եմ, որ մրցաշրջանի առաջին տնային խաղում մարզադաշտը լեցուն կլինի: Ամառ է և կարելի է ուշ ժամի գնալ տուն ու մահճակալին պառկած հետևել Օլիմպիական խաղերին":
Ումտիտին. "Նա և մյուս նորեկներն իրենց լավ են զգում, մարզավիճակ են հավաքում, հարմարվում են թիմին և շատ այլ բաների, ինչ նրանցից պահանջվում է: Հեշտ չէ հենց սկզբից հարմարվել ու օգուտ տալ թիմին, այդ պատճառով մենք շատ զգույշ ենք: Տեսնենք, թե որքան խաղաժամանակ կկարողանանք տրամադրել նրանց":
Ինչու՞ է այս կազմը լավագույնը. "Իմ այդ խոսքերն ինձ ուղեկցելու են ողջ մրցաշրջանի ընթացքում: Երբ ես ասում էի այդ խոսքերը, գիտեի, որ այսպես է լինելու: Հուսով եմ, որ դա լրացուցիչ ծանրություն չի լինի, ես պարզապես ցանկանում էի երկրպագուներին, ակումբին ու խաղացողներին ցույց տալ այն վստահությունը, որ ունեմ նրանց հանդեպ: Ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում, բայց դա չի նշանակում, թե մենք ավելի շատ կամ ավելի քիչ տիտղոսներ ենք նվաճելու":
Եվ նորից Բրավոյի մասին. "Զվարճալի է՝ հարցնում եք դարպասապահի, ոչ թե 4 - րդ հարձակվողի մասին": (հեգնում է)
Նոր ձեռքբերումներ լինելու՞ են. "Ես հավատում եմ, որ կլինեն, բայց կարող եմ նաև սխալվել: Միայն երաշխավորում եմ, որ լինելու են հեռացողներ":