Անդրե Գոմեշն արդեն Բարսելոնայում է և նկարվել է զինանշանի առջև, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Գոմեշը Բարսելոնա է ժամանել նախատեսվածից մոտ 1 ժամ ուշ՝ Երևանի ժամանակով 20:30 - ին: Նա անմիջապես ուղևորվել է ակումբի շտաբ - բնակարան, որի առջև տեղադրված զինանշանի առջև մասնակցել է կարճատև ֆոտոսեսիայի: Այժմ նա բուժզննում է անցնում Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում:
Barca TV - ին Անդրեն 1 - 2 խոսք է ասել իր տեղափոխության մասին: Մասնավորապես նա ասել է. "Ցանկանում եմ հաջողությունների հասնել, սովորել խաղընկերներից, խաղալ և օգնել նրանց.... Ես շատ աշխատասեր ֆուտբոլիստ եմ, ով ցանկանում է հնարավոր ամեն ինչ հաղթել և մեծ հաջողություններ արձանագրել մրցաշրջանի վերջում":
Ավելացնենք, որ վաղն առավոտյան նա կստորագրի պայմանագիրն ակումբի հետ, կներկայանա երկրպագուներին Մինիեստադիում և կմասնակցի մամլո ասուլիսի, որի մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 15:15 - ին: Նրան կուղեկցեն Բարսելոնայի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն, ինստիտուցիոնալ մարզական տնօրեն Ալբերտ Սոլերն ու մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը: