Բարսելոնան և Ամստերդամի Այաքսը համաձայնության են հասել Ֆրենկի դե Յոնգի տրանսֆերի շուրջ, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Բարսելոնան Դե Յոնգի համար մղվող դաժան պայքարում առաջ է անցել եվրոպական գրանդներից: Ընդ որում, ժամեր էին բաժանաում հոլանդացի 21 - ամյա կիսապաշտպանին ՊՍԺ - ից, սակայն ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի գլխավորությամբ Ամստերդամ մեկնած պատվիրակությանը հաջողվել է այս անգամ էլ տրանսֆերային շուկայում հիանալի քամբեք գրանցել փարիզցիների նկատմամբ:
Աշխարհի ամենահեռանկարային և տաղանդավոր կիսապաշտպաններից մեկի համար Բարսելոնան 75 մլն եվրո կվճարի Այաքսին: Այդ գումարին հետագայում բոնուսների տեսքով կարող է ավելանալ ևս 11 մլն եվրո: Ֆուտբոլիստը կատալոնական թիմի ճամբարը կհամալրի սույն թվականի հուլիսի 1 - ին՝ ամառային տրանսֆերային պատուհանի բացման օրը:
Այդպիսով, Դե Յոնգը դարձավ թիմի արդեն 2 - րդ ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Առաջինը Ժան - Կլեր Տոդիբոն էր, ով Թուլուզից Բարսելոնա կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով: