Բարսելոնան Ադրիեն Ռաբիոյի հետ վարում է նույն քաղաքականությունը, ինչ Վիլիանի հետ: Կատալոնական ակումբն ունի այլընտրանք և կդիմի այդ տարբերակին, եթե չհաջողվի իրականացնել ֆրանսիացու տրանսֆերը:
Ինչպես հաղորդում է կատալոնական Sport - ը, Բարսելոնան Ադրիեն Ռաբիոյին վերջնագիր է ներկայացրել: Ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգելու առաջարկ է ստացել ՊՍԺ - ից և դեռ վերջնական որոշում չի կայացրել: Եթե նա վաղը դրական պատասխան չտա կատալոնական ակումբին, ապա Բարսան կգնի Արտուրո Վիդալին:
Բավարիայի չիլիացի 31 - ամյա կիսապաշտպանը համաձայնեցրել է պայմանագրի մանրամասները Բարսելոնայի հետ, չնայած որ նախապես սպասվում էր նրա տրանսֆերը Միլանի Ինտեր: Վերջին պահին բանակցությունները դադարեցվել են և կատալոնական ակումբը, օգտվելով առիթից, համաձայնության է եկել նաև մյունխենյան ակումբի հետ: Կապտանռնագույնները տրանսֆերի դիմաց կվճարեն 30 մլն եվրո:
Այդպիսով Բարսելոնան կլրացնի այն բացը կիսապաշտպանությունում, որ առաջացել էր Պաուլինյոյի հեռանալուց հետո: Վալվերդեն կստանա ֆիզիկապես ամուր հենակետային կիսապաշտպանի, ով նաև հիանալի է գործում մրցակցի տուգանայինում ու նրա մատույցներում՝ ինչպես Պաուլինյոն: Եվ այդ կիսապաշտպանը կլինի կա՛մ Ռաբիոն, կա՛մ Վիդալը: