Ընթացիկ տրանսֆերային պատուհանում Բարսելոնան իր առջև դրված խնդիրներից բոլորը կատարել է, բացառությամբ կիսապաշտպանության կենտրոնն ամրացնելուց:
Կատալոնական ակումբն Արթուրի, Լանգլեի և Մալկոմի տրանսֆերներից հետո ցանկանում է ձեռք բերել նաև Ադրիեն Ռաբիոյին, ում գործող պայմանագիրը ՊՍԺ - ի հետ ավարտվում է 2019 թվականի ամռանը:
Օրեր առաջ Բարսելոնայի տեխնիկական տնօրեն Էրիկ Աբիդալն ու մարզական տնօրեն Պեպ Սեգուրան մեկնել էին Փարիզ՝ բանակցելու ֆրանսիացի կիսապաշտպանի և ՊՍԺ - ի հետ: Ռաբիոն տվել է իր համաձայնությունը, սակայն փարիզյան ակումբը չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին:
Պատճառներից մեկն ակումբների միջև գերլարված հարաբերություններն են, որը մեղմելու համար կատալոնակացիների կողմից ՊՍԺ - ի նախագահ Նասեր Ալ - Խելաիֆիի հետ բանակցում է Էրիկ Աբիդալը, ով լավ հարաբերությունների մեջ է քաթարցի նախագահի հետ, հաղորդում է կատալոնական Sport - ը:
Եթե առաջիկա օրերի ընթացքում Աբիդալին չհաջողվի կոտրել Ալ - Խելաիֆիի դիմադրությունը, ապա Բարսելոնան կփորձի Ռաբիոյին ձեռք բերել արդեն հաջորդ ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակում: Հակառակ դեպքում կատալոնացիները կկատարեն ընթացիկ տրանսֆերային պատուհանում իրենց, թերևս, վերջին ձեռքբերումը: